«ՆԱՏՕ-Հայաստան համագործակցություն. նոր նպատակներ և հեռանկարներ» թեմայով նոյեմբերի 9-ին Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը Հայաստանում Գերմանիայի դեսպանատան «Հանուն ազատության» Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի և ՆԱՏՕ-ի հանրային դիվանագիտության բաժնի աջակցությամբ կազմակերպել էր համաժողով, որի նպատակն էր քննարկել ՆԱՏՕ-ի հետ գործընկերությունը լարված տարածաշրջանային համատեքստում և ՆԱՏՕ-ՀՀ համագործակցության խորհրդարանական ու մարդկային հարթությունները:
Հայաստանում ԳԴՀ դեսպան Մաթիաս Քիսլերը բացելով համաժողովը՝ ասաց, որ ԳԴՀ դեսպանատունը Մեծ Բրիտանիայի դեսպանատնից ընդունեց ՆԱՏՕ-ում Հայաստանի կոնտակտ դեսպանատան պարտականությունը և ՆԱՏՕ-ի շաբաթից հետո նման վեհաժողովը համարեց շատ կարևոր: Նա հիշեց, որ հետխորհրդային տարածքում Հայաստանն առաջիններից մեկը 1992-ից սկսեց աշխատել ՆԱՏՕ-ի հետ և այս ընթացքում ընդլայնել ու խորացրել է համագործակցությունը կառույցի հետ: Դեսպանն անդրադարձավ 2014-ին ընդունված փաթեթին՝ Հայաստանի հատուկ կարիքները բավարարելու համար, չորրորդ ԱԳԳԾ-ին և շեշտեց, որ Հայաստանն ապացուցել է իր ռազմական կարողությունները խաղաղարար առաքելությունների ժամանակ: Ճգնաժամային իրավիճակում ՆԱՏՕ-ում նոր մարտահրավերներ են ի հայտ եկել, ըստ դեսպանի, փոփոխվող անվտանգության միջավայրի խնդիրներին է նվիրված լինելու Վարշավայի գագաթնաժողովը՝ 2016-ի հուլիսին: Հարավային Կովկասում «Հանուն ազատության» Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Պիտեր-Անդրեաս Բոխմանի գնահատմամբ՝ իրենց նպատակն է խթանել ազատության սկզբունքները հասարակության բոլոր խավերի համար: Հիմնադրամի խնդիրը տարածաշրջանում ազատական գաղափարների տարածումն է քաղաքական երկխոսության միջոցով: «Արդար գործընկերությունը չափազանց կարևոր է հաջողության համար»՝ ըստ պարոն Բոխմանի:
ՆԱՏՕ-ում Գերմանիայի պատվիրակության քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Գուիդո Հիլդները կարծում է, որ մենք ապրում ենք դրամատիկ ժամանակներում ու դրամատիկ հեռանկարներով: ՆԱՏՕ-ն շրջապատված է ճգնաժամերի բազմությամբ, Ռուսաստանը մարտահրավեր է նետում միջազգային անվտանգության ճարտարապետությանը՝ բռնակցելով Ղրիմը և մուտք գործելով Արևելյան ՈՒկրաինա: ՈՒկրաինայի իրավիճակը պետք է նոր լույս սփռի Աբխազիայում, Օսիայում և ԼՂՀ-ում սառեցված հակամարտությունների վրա: Նա անդրադարձավ տարբեր աշխարհամասերում ՆԱՏՕ-ի հետաքրքրությունների շրջանակին, և նշեց, որ հակամարտությունները չեն ավարտվում ՆԱՏՕ-ի սահմաններին, Եվրոպա մուտք գործող հարյուր հազարավոր փախստականները փոխում են իրավիճակը: «ԻՊ-ի ամբողջական սպառնալիքի ծավալները մենք դեռ չենք կարողանում գնահատել»՝ ասաց Գուիդո Հիլդները՝ արձանագրելով, որ Եվրոպան հայտնվել է իրավիճակի ուսումնասիրության ու ուսումնառության գործընթացում: Եվրոպացիները կարծում էին, որ ապրում են կայուն ու անվտանգ միջավայրում, շրջապատված են գործընկերներով, բայց զարգացումները վկայում են, որ նրանք իրենց անվտանգությունը չեն կարողանում ապահովել և եվրոպական անվտանգության խնդիրները պահանջում են նոր մտածելակերպ, նոր ռեսուրսներ ու նոր դիրքորոշում: Վարշավայի գագաթնաժողովը, նրա կարծիքով, կշարունակի որոշարկումները, որ ՆԱՏՕ-ն մնա ամենահզոր ռազմական դաշինքը, որ ունի ամենախիստ պաշտպանական դիրքորոշում: Գործընկերությունները ՆԱՏՕ-ի համար առավել կարևոր են դարձել՝ սա Բրյուսելի գնահատականն է, և Բրյուսելը սպասում է արձագանքների ու համագործակցության առաջարկների:
ՆԱՏՕ-ի միջազգային աշխատակազմի քաղաքական հարցերի և անվտանգության քաղաքականության բաժնի աշխատակից Շտեֆեն Էլգերսման կարևորեց, որ Հայաստանը հստակ ներկայացնի, թե ՆԱՏՕ-ի հետ աշխատանքներում ինչի՞ է ցանկանում հասնել, որովհետև հաջորդ տարի պետք է կազմվի անհատական գործընկերության նոր ծրագիրը: Անվտանգության նոր միջավայրին, ՈՒկրաինայի իրավիճակին ՆԱՏՕ-ի դաշնակիցները և Հայաստանը ի՞նչ դիտակետից են նայում՝ սա Շտեֆեն Էլգերսմայի առաջին հարցն էր, որ այդպես էլ պատասխան չստացավ: Նա ցանկանում էր նոր ԱԳԳԾ-ն կազմելուց առաջ միավորել բոլոր լավագույն ջանքերը և ասաց, որ ՆԱՏՕ-ն ու նրա գործընկեր պետությունները պետք է առաջարկությունները համադրեն ու պարզեն իրականացման հնարավորությունները: Շտեֆան Էլգերսման կարևորեց կիբեռանվտանգության ոլորտը, որ բոլոր պետություններին է վերաբերում: Նա համաձայն էր, որ քաղաքական երկխոսությանը նոր դինամիկա պետք է հաղորդվի, և Վարշավայի գագաթնաժողովի նախօրեին դեռ չկա փոխհամաձայնեցված միջոցառումների ծրագիր, ըստ որի Հայաստանը ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ կարող էր խորհրդակցել և անելիքները ճշտել: Նշվեց, որ ամեն տարի Հայաստանը հնարավորություն ունի ընտրելու և ընտրում է 1500 գործողությունների առաջարկվող ցանկից, որոնք ՆԱՏՕ-ն ֆինանսավորում է: Նա թվարկեց մի քանի ծրագրեր, որ Հայաստանում հաջողությամբ իրականացվել են տարբեր ոլորտներում: Հանրային իրազեկման անբավարար մակարդակը նա ևս ընդունեց և ասաց, որ այդ ուղղությամբ աշխատանքները պիտի շարունակվեն: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ նա մեջբերեց ընդհանուր տեսակետը, որ նորմալացումը ռազմավարական մեծ օգուտ կտա ողջ տարածաշրջանին, բայց նշեց, որ ՆԱՏՕ-ն այդ գործընթացի առաջնագծում չէ: Գուիդո Հիլդները կարծում է, որ կառույցն ու իր դաշնակիցները սովորում են գնահատել մարտահրավերների խորքային պատճառները, բարձրացնել դիմադրողականությունն ու տոկունությունը: Հիլդները նշեց, որ Գերմանիան ՆԱՏՕ-ի տարեկան բյուջեին շոշափելի գումար է հատկացրել՝ մի քանի հարյուր միլիոն եվրո՝ լուծելու վտանգված երկրների խնդիրները: Հայաստանը այդ ցանկում չկա և չի համարվում վտանգված երկիր, հիմնականում գումարներն ուղղվում են Իրաք, Սիրիա, Լիբիա: Փախստականների հարցին առաջինը Եվրոպայում արձագանքում է ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն այդ հարցով չի զբաղվում: ՆԱՏՕ-ում Գերմանիան իր առաջիկա նախագահության շրջանակներն արդեն ուրվագծել է: Գուիդո Հիլդները նշեց նորմանդական քառյակը, որի անդամ է Գերմանիան, և ասաց, որ ՈՒկրաինայի ճգնաժամի հանգուցալուծումն ընդհանուր տարածաշրջանի համար դրական նշանակություն կունենա: Ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում ՆԱՏՕ-ն դիտում է որպես Հայաստանի ինքնիշխան որոշում և չի մեկնաբանում՝ հարգելով ՀՀ ընտրությունը, որը ՆԱՏՕ-ի համար խնդիր չէ: Գուիդո Հիլդները նշեց, որ ՆԱՏՕ-ի համար ֆորմալ առումով գործընկեր երկիր է և Ռուսաստանը, թեպետ Ղրիմի անեքսիայից հետո գործնական համագործակցությունը առկախված է, բայց երկխոսությունը Ռուսաստանի հետ կա և ցանկացած պահի կարող է ակտիվացվել:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունը սկսվել է 1992-ից, քիչ ժամանակ չէ: 1994-ին Հայաստանը միացավ Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին: Անհատական գործընկերության գործողությունների իր առաջին ծրագիրը Հայաստանը ՆԱՏՕ-ին է ներկայացրել 2005-ին և հիմա արդեն՝ չորրորդ ԱԳԳԾ-ն է՝ 2014-2016-ի համար: ԱԳԳԾ-ն ներառում է զինված ուժերից մինչև աղետների նվազեցում ու ճգնաժամային կառավարում, արտակարգ իրավիճակներ ու բնապահպանություն և հանրային իրազեկում: